Գոհար Պետրոսյանը, երկու երեխաների՝ 7-ամյա Վահեի և 5-ամյա Հայկի մայրը, ծնողների մեծ մասին ծանոթ խնդիր ուներ։ Ինչպե՞ս կարող էին նա և ամուսինը իրենց աշխատանքը կազմակերպել և միևնույն ժամանակ իրենց մանկահասակ երեխաներին անվտանգ մանկապարտեզ կամ դպրոց հասցնել։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում երեխաներին սովորաբար ծնողները կամ տատիկ-պապիկներն են դպրոց տանում։ Դրա պատճառն այն է, որ առկա տրանսպորտն անհուսալի է, իսկ երեխաներով գերբեռնված միկրոավտոբուսներում և ավտոբուսներում միայն վարորդի հետ և առանց մեկի, ով նրանց կհետևեր, գուցե նաև՝ վտանգավոր։
Երեխաներին անվտանգ դպրոց ուղարկելու համար Պետրոսյանը դայակ վարձեց և տաքսիների հետ պայմանավորվեց։ Սակայն պետք է ավելի լավ միջոց լիներ։ Նա իր շուրջն այլընտրանքային լուծում փնտրեց, սակայն այդպիսին չկար։ Ուստի նա իր սեփականը մտածեց։ «Ինձ մոտ միտք ծագեց, որ եթե ինչ որ մեկը կարողանար երեխաների անվտանգ և հուսալի փոխադրումն ապահովել և այն համակցվեր դայակի խնամքի հետ, մանկահասակ երեխա ունեցող հարյուրավոր աշխատող ծնողներ այդ հնարավորությունից կօգտվեին»,- ասաց նա։
Նա դա պատկերացրեց մասնագիտացված ուղևորահավաք ծառայության ձևով, որը մեքենայում կամ միկրոավտոբուսում վարորդից բացի նաև դայակ է ընդգրկում։ Դայակը երեխային ուղեկցում է, իսկ ուղևորության ավարտին երեխային հանձնում է դպրոցում գտնվող լիազորված անձին։ Ուղևորությունը տնից նախատեսված վայր ուղիղ հեռարձակվում է, որպեսզի ցանկության դեպքում ծնողները հսկեն։
Ֆիլմի ստեղծումը նախաձեռնվել եւ իրականացվել է Հայաստանում կանանց տնտեսական հզորացման բազմաշահառու խմբի նախագահ՝ Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի առաջնորդությամբ:
Պետրոսյանը մանրամասների մասին մտածեց։ Տրանսպորտային միջոցներում պետք է երեխաների համար պատշաճ նստատեղեր լինեին, պետք է լինեին երկար ուղևորությունների ժամանակ երեխաների զբաղմունքի, իսկ ուղեկցող դայակի համար՝ անհրաժեշտության դեպքում երեխային կերակրելու կամ տակդիրները կամ հագուստը փոխելու հնարավորություն։ Ծառայությունը հասանելի կլիներ ծրագրային հավելվածի միջոցով․ ծնողները կկարողանային ուղևորությունները նախապես ամրագրել, ընտրել իրենց վարորդին և դայակին ու նշել բոլոր ծառայությունները, որ վերջիններից ստանալու կարիքն ունեին։ Նա իր գաղափարի համար անվանում մտածեց՝ «ՀոգաՏԱՐ», որի ազատ թարգմանությունն է՝ «Խնամքի ապահովում՝ մեքենայով տանելիս»։
Ապա նա խոչընդոտի բախվեց։
Պետրոսյանը պատկերացում չուներ, թե դա աշխատող բիզնես կարո՞ղ էր լինել կամ ինչպե՞ս կարող էր աշխատել և որ ավելի կարևոր է՝ ի՞նչ էր իրեն անհրաժեշտ լինելու ընկերություն ստեղծելու, ղեկավարելու և դրա աճն ապահովելու համար։ Նա գործարարի հմտություններ չուներ, իսկ ֆինանսները նրա համար գրեթե հասանելի չէին։ Սովորաբար սրանք բոլորն էլ Հայաստանում ձգտում ունեցող ձեռներեց կանանց առջև ծառացող խնդիրներն են։ Տարբեր պատճառներով՝ կանայք երկար ժամանակ թերի են ներկայացված եղել Հայաստանի տնտեսությունում։ Ըստ 2018 թ․ զեկույցի՝ կանանց սոսկ 53 տոկոսն էր աշխատանքի շուկայում, ինչը զգալիորեն ցածր է տղամարդկանց 71 տոկոս ցուցանիշից։ Նրանց միջին աշխատավարձերը 33 տոկոսով ցածր էին, իսկ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նրանց ցուցանիշը ցավալիորեն զիջում էր։ Համավարակի սկսելով՝ զգալի ավելի էր խաթարվում կանանց սեփականությամբ պատկանող բիզնեսի, քան տղամարդկանց պատկանող ընկերությունների աշխատանքը։
Այդ պատճառով 2020 թ․ ՄՖԿ-ի «Հայաստանի կանանց ձեռներեցության ծրագիրը», ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ գործընկերությամբ, «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնում՝ կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկը տվեց՝ Հայաստանի կանանց ձեռնարկատիրական և տեխնոլոգիական հմտությունների խթանման համար։ Ծրագիրն ուսումնական ճամբարի և աքսելերացիոն մի շարք դասընթացներ է ներառել՝ նրանց իրենց ուժեղ կողմերը բացահայտելու, թերությունները հաղթահարելու և հաջողակ գործարար կին դառնալու հարցում օգնելու համար։
Երբ Պետրոսյանը ծրագրի մասին լսեց, որոշեց միանալ։ Նա բացատրում է․ «Ես գրանցվեցի, թե՛ այն պատճառով, որ վստահ չէի, որ գաղափարս լավն էր և թե՛ այն, որ ես բիզնես սկսելու հմտություններ չունեի»։ Պարզվեց, որ նրա գաղափարն ուսումնական ճամբարի իր դասընթացավարների ուշադրությունը գրավեց, և նա դարձավ հաջորդիվ անցկացված՝ ավելի խորացված աքսելերացիոն ծրագրի համար ընտրված 200 կանանցից մեկը։ Նոր ձեռներեց մյուս կանանց հետ մեկտեղ, իր գործարար մտածողությունը զարգացնելու համար նա անձնական նախաձեռնության դասընթաց անցավ։ Սովորեց նաև գաղափարի վավերացման, մարքեթինգի և իրացումների, ֆինանսների, ներդրողներին դիմելու, արդյունքների մասշտաբայնացման, շուկաների բացահայտման և տեխնոլոգիան իրենց գործառնություններում ներառելու մասին։
Նրա փորձը բավականին վերափոխիչ էր։ «Ինձ համար սա հիանալի նորույթ էր, - ասում է նա։ «Ես վստահություն ձեռք բերեցի, որ գաղափարս արժեր իրականություն դարձնել։ Ես կարողացա ցանց ստեղծել։ Հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր ինձ օգնեցին հավատալ սեփական ուժերիս և հաղթահարել բիզնես սկսելու վախը։ Ես արժեքավոր գիտելիքներ ձեռք բերեցի՝ գաղափարիս կյանքի կոչմանն օգնելու համար»։
Նա նկատեց, որ մյուս կանայք ևս, ովքեր իր պես գաղափարներ ունեին, բայց չգիտեին ինչպես դրանք իրականացնել, գիտելիք, փորձ և կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց համար ապագայում օգտակար կլինի։ «Շատ օգտակար էր այդ կանանց հետ համատեղ անցած ուղին, որտեղ բոլորն ինձ հետ նույն նավակում էին»,- հիշում է նա։
«Անձամբ ինձ դասընթացն օգնեց ավելի լավ պլանավորել», - ասում է Պետրոսյանը։ Օրինակ՝ նա տարբեր սակագնային պլաններ է մշակել՝ մեկանգամյա, բազմակի, անհատական և խմբային ուղևորություններ։ Ծրագրին մասնակցելուց հետո, Պետրոսյանը գրանցել է իր բիզնեսը, ստեղծել է շուրջ ութ աշխատատեղ, իր գաղափարի համար մրցանակներ շահել և դոնոր կազմակերպությունից գումար ստանալու համար շուտով պայմանագիր է ստորագրելու։ Նա արդեն մի քանի վարորդների է ներգրավել և աշխատանքի մեկնարկը տվել։ Նա ակնկալում է, որ բիզնեսը կծավալվի, երբ երեխաները դպրոց վերադառնան։
Պետրոսյանն իր նոր բիզնեսի հաջորդ փուլի համար արդեն գաղափարներ ունի։ «Մեր նպատակն է մասնակից դարձնել վարորդ-մայրիկներին՝ մայրիկների, ովքեր ամեն օր իրենց երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ կամ որևէ այլ խմբակ են տանում: նրանք կարող են մեր վարորդները դառնալ և լրացուցիչ գումար վաստակել։ Ապա նախատեսում եմ ծառայությունն ընդլայնել՝ ներառելու հաշմանդամ երեխաների և տարեցների»։
«Գոհարի դեպքը բազմաթիվ օրինակներից մեկն է»,- ասում է ՄՖԿ-ի ծրագրերի պատասխանատու և Հայաստանի «Կանանց ձեռներեցության» ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը 2020 թ․ հուլիսից 2021 թ․ հունիսը 500-ից ավելի կանանց օգնել է գործարարության հմտություններ և ցանցերին հասանելիություն ձեռք բերելու հարցում, որն ապագայում նրանց էլ ավելի կզորեղացնի»։
Մասնակցող կանանցից շատերն արդեն գրանցել են իրենց ընկերությունները՝ այդպիսով մուտք գործելով ֆորմալ տնտեսություն, ինչը կենսական է ֆինանսական միջոցներից և պետական ծառայություններից օգտվելու համար։ Ոմանք ներդրողներից են ֆինանսավորում ստացել, շատերն ավելացրել են հասույթները և նոր աշխատատեղեր ստեղծել։ Մկրտչյանն ասում է․ «Գոհարի նման ձեռներեցները ծրագիր մուտք են գործել սոսկ գաղափարով և հավանական հաջողության պատմություն դարձել՝ ահա սա է այս ամենի էությունը»։
Հրապարակված է 2021 թվականի սեպտեմբերին