Press Release

Հայաստանի դեղագործական ոլորտն առաջարկում է ներուժ ՕՈՒՆ-ների համար. IFC-ի հաշվետվություն

մարտի 30, 2022

Երևան, Հայաստան, մարտի 30, 2022թ.— Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակի մարտահրավերները, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր հաշվետվությունը, որն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ, պարզաբանում է, որ Հայաստանի դեղագործական ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ-ներ) կարող են կատալիզատորի դեր կատարել տնտեսությունը խթանելու հարցում՝ նպաստելով առողջապահության համակարգի դիմացկունությանը և հասանելիությանը: ՕՈՒՆ-ների ներգրավումը կօգնի երկրին նաև ստեղծելու նոր աշխատատեղեր, բարելավելու շուկայի մրցունակությունը և ավելացնելու արտահանման ծավալները:

Ընդգծելով դեղագործական ոլորտում հնարավոր ՕՈՒՆ-ների հնարավորությունները, «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ Հայաստանի դեղերի և առողջապահության ոլորտում» հաշվետվության մեջ առանձնացված են առավելագույն ներուժ առաջարկող երկու ենթաոլորտներ` պայմանագրային հետազոտական և արտադրության արտապատվիրման աշխատանքները: Պայմանագրային հետազոտական գործունեությունը ներառում է հետազոտական ծառայությունները դեղագործական ընկերությունների համար, իսկ արտադրության արտապատվիրումը ենթադրում է դեղերի կամ դեղերի բաղադրատարրերի արտադրություն գլոբալ դեղագործական ընկերությունների համար: Այս ենթաոլորտներում պոտենցիալ ՕՈՒՆ-ների համար չկան կապիտալ ներդրումների հետ կապված մեծ ռիսկեր, դրանք միտված են արտահանմանը և դրանցում կարելի է հիմնվել հայաստանյան ընկերություններում առկա փորձի վրա:

Ուսումնասիրությունը կատարվել է IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի կողմից և նպատակ ունի կառավարությանը ներկայացնելու ոլորտային ուսումնասիրությունը և առաջարկություններ ոլորտին բնորոշ ներդրումների և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հաջորդ քայլերի մասին:

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը նշել է. «Մենք տեսնում ենք զգալի ներուժ Հայաստանի դեղագործական ոլորտի զարգացման համար: Առանցքային խնդիրները լուծելու համար մենք կօգտվենք IFC-ի ոլորտային վերլուծությունից, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ոլորտում օտարերկրյա ներդրողների համար»:

Հաշվետվության համաձայն` իրավակիրառական դաշտի բարելավումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին կարող է մեծացնել Հայաստանի մուտքը միջազգային շուկաներում։ Ավելին, ամուր ենթակառուցվածքի, հմուտ աշխատուժի առկայությունը և առողջապահության ոլորտում ժամանակին կատարվող բարեփոխումները` արդյունավետ ապահովագրության և բժշկական ապահովագրության ծածկույթի հետ միասին, կօգնեն երկրին դառնալ ավելի մրցունակ:

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Դուարտեին նշել է. «Թեև ՕՈՒՆ-ները կարող են հանդիսանալ կապիտալի աղբյուր, սակայն դրանք բերում են նաև նոր տեխնոլոգիաներ, կառավարման և ղեկավարման հմտություններ և գիտելիքներ գլոբալ շուկաների մասին: IFC-ի ուսումնասիրությունն ընդգծում է բարենպաստ գործարար միջավայրի կարևորությունը` առանցքային բարեփոխումների և քաղաքականության աջակցության հետ միասին: Մենք տրամադրված ենք շարունակելու խորհրդատվության տրամադրումը կառավարությանը և օգնելու ներդրումների խրախուսման վերջինիս ջանքերին` թե´ նախքան ներդրումների կատարման և թե´հետներդրումային գործընթացներում»:

Հաշվետվության մեջ նշված է, որ խիստ կարևոր է ապահովել համապատասխան բոլոր տեղեկությունների հասանելիությունը ներդրողներին` պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումային այլ վայրերից Հայաստանին նախապատվություն տալու համար: Ինչպես նաև վճռորոշ նշանակություն կունենան ոլորտին բնորոշ քաղաքականությունները և ներդրողների թիրախավորումը, որը ներառում է պոտենցիալ ներդրողներին պրոակտիվ իրազեկում և նրանց անհատական գործարար առաջարկների ներկայացում: Հայկական սփյուռքից դեղագործական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կամ առողջապահության ոլորտի մասնագետների ներգրավումը նույնպես կարող է օգնել ոլորտի մասին անմիջական պատկերացում կազմելու և ոլորտում ՕՈՒՆ-ների համար երկրի միջազգային մրցունակության մասին վերլուծական արձագանք ստանալու համար:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ընդունել հայեցակարգ և ոլորտային ռազմավարություն դեղագործական ոլորտի խթանման համար, որն ապահովելու համար IFC-ն նախաձեռնել է երկխոսություն Հայաստանի պետական և մասնավոր հատվածների` ներառյալ դեղ արտադրողների հետ: Դրա արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը աշխատելու է ռազմավարության մշակման վրա: IFC-ն կաջակցի ռազմավարության մշակմանը` առաջարկելով ՕՈՒՆ-ներ ներգրավելու եղանակներ:

IFC-ի խորհրդատվական աջակցությամբ 2019 թվականին Հայաստանում ստեղծվել է պրոֆեսիոնալ ինստիտուցիոնալ կարողություն ներդրումները պետական կառույցի միջոցով խրախուսելու համար` «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը:

Հաշվետվության ամբողջական տեքստը տեսնելու համար սեղմեք` այստեղ.

IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որի ուշադրության կենտրոնում նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածն է։ Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, փորձը և ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2021 ֆինանսական տարում IFC-ն զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին տրամադրել է ռեկորդային 31.5 միլիարդ ԱՄՆ դոլար, օգտագործելով մասնավոր հատվածի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և ընդհանուր բարեկեցությունը խթանելու համար, քանի դեռ տնտեսությունները պայքարում են ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների դեմ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` www.ifc.org.

Կապվեք մեզ հետ

www.facebook.com/IFCwbg

www.twitter.com/IFC_org

www.youtube.com/IFCvideocasts

www.ifc.org/SocialMediaIndex

www.instagram.com\ifc_org

Երևանում բրիտանական դեսպանատան մասին

Բրիտանական դեսպանատունը Երևանում պահպանում և զարգացնում է հարաբերությունները ՄԹ-ի և Հայաստանի միջև՝ աշխատելով Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ: Ներկայումս Հայաստանում ՄԲ-ի աջակցության ծրագրերը կենտրոնացված են մարդու իրավունքների, լավ կառավարման և ժողովրդավարության միջազգային սկզբունքները խթանելու, պաշտպանության և անվտանգության հարցերով համագործակցությանն աջակցելու, կայունությանը և դիմացկունությանը նպաստելու, կայուն տնտեսական աճին օժանդակելու և մեր երկու երկրների միջև անհատական շփումները խրախուսելու վրա: Հայաստանի բարեփոխումներին ՄԹ-ի կառավարությունն օգնում է  «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) միջոցով:

www.gov.uk/world/armenia

https://facebook.com/britishembassyyerevan

https://twitter.com/UKinArmenia


Contacts

Թբիլիսիում` Թամար Բարբակաձե
+995 32 223 43 00/01/02