Երևան, Հայաստան, օգոստոսի 5, 2020թ ․— Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 15 միլիոն դոլար վարկ է տրամադրում Ինեկոբանկին՝ Հայաստանի միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) վարկավորման ծավալներն ընդլայնելու, ՔՈՎԻԴ-19-ի բռնկմամբ պայմանավորված դժվարությունների հաղթահարման հարցում օգնելու նպատակով։
Համաշխարհային համավարակի պայմաններում Հայաստանի բազմաթիվ ՄՓՄՁ-ներ առերեսվում են եկամուտների նվազման, ծախսերի ավելացման, մատակարարումների ընդհատման և գույքի կառավարման բարդացման խնդիրների։ Այդ իսկ պատճառով իրենց անհրաժեշտ է շրջանառու միջոցների իրացվելիության ֆինանսավորում, որպեսզի շարունակեն գործունեությունը՝ ապահովելով կենսական կարևորության աշխատատեղեր, տրամադրելով ապրանքներ ու ծառայություններ և ձևավորելով հարկային մուտքեր։ IFC-ն իր երկար տարիների հայաստանյան գործընկերոջը՝ Ինեկոբանկին այս վարկը տրամադրում է համաշխարհային մասշտաբով մասնավոր հատվածի իր հաճախորդներին արագ ընթացակարգով տրվող 8 միլիարդ դոլար ֆինանսավորման շրջանակներում, որի նպատակն է կայունացնել տնտեսությունները և պահպանել աշխատատեղերն այս աննախադեպ համաշխարհային ճգնաժամի ընթացքում։
«ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկումից ի վեր մենք անհատական աջակցության համակարգ ենք ներդրել մեր ՄՓՄՁ հաճախորդների համար, որոնց վրա ազդել է այս իրավիճակը», նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ «Այս իմաստով IFC-ի հետ համագործակցությունը և ֆինանսական միջոցների տրամադրումը վստահորեն կօգնի խոցելի ոլորտների մեր հաճախորդներին»։
ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը հանգեցրել է պղնձի միջազգային գների անկման, որը Հայաստանի արտահանման ամենամեծ ճյուղն է, ինչպես նաև վատ է անդրադարձել զբոսաշրջության ոլորտի վրա, խաթարել է տրանսպորտային կապերը և թուլացրել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներ Ռուսաստանի ու Եվրոպայի աճի հեռանկարները։ ՄՓՄՁ-ները, հանդիսանալով Հայաստանի տնտեսության կարևորագույն բաղադրիչ և ապահովելով երկրի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 40 տոկոսը և զբաղվածության 30 տոկոսը, միանշանակ աջակցության կարիք ունեն դժվարությունները հաղթահարելու համար։
IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը նշել է․ «Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ՄՓՄՁ-ները հատկապես խոցելի են համակարգային ճգնաժամերի նկատմամբ։ Նրանց վճարունակությունը պահելը աշխատատեղերի պահպանման ու տնտեսական վնասի սահմանափակման գրավականն է։ Մեր տրամադրած ֆինանսավորումը կօգնի Ինեկոբանկի բիզնեսին ՄՓՄՁ-ների հետ, որպեսզի նրանց գործունեությունը կայունանա, ավելի արագ վերականգնվեն ու աշխատատեղեր ստեղծեն՝ այս կերպ ամրապնդելով իրենց դիմակայունությունն ու արագացնելով տնտեսության վերականգնումը համավարակից հետո»։
IFC-ին Հայաստանի անդամակցությունից հետո IFC-ն երկրում աջակցություն է տրամադրել տարբեր ծրագրերի՝ ընդհանուր մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ, հիմնականում, էներգետիկայի, ֆինանսական, գույքի ու արտադրության ոլորտներում։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղվված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին: Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2019 ֆինանսական տարում մենք զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին տրամադրել ենք ավելի քան 19 միլիարդ դոլար՝ լծակավորելով ծակրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքէջը:
Հետևեք մեզ հետևյալ կայքերում՝